ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 1-ին։ Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից։
«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին սրբություն Արամ Առաջինի իմաստուն ղեկավարումը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ ու կազմակերպված։
Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը մասնավորապես հույս է հայտնել, որ ԱՄՆ գալիք նոր վարչակազմը լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման առումով։