ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլային 4 ակումբներ՝ «Արարատ», «Ալաշկերտ», «Սյունիք» և «Վեստ Արմենիա», իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Ակումբներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հայտարարություններ են տարածել՝ ի պաշտպանություն Մելիքբեկյանի։ Նրանք նշել են, որ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում իրենք սատարել են ՀՖՖ գործող նախագահին և քվեարկել նրա օգտին:
«Հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը»,- նշված է «Ալաշկերտ» ակումբի հայտարարության մեջ։
Ակումբները նշում են, որ իրենք ևս բավարարված չեն ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում են այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում։
«Ալաշկերտ» ակումբն, օրինակ, կարծում է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է ոչ միայն և ոչ այնքան ֆեդերացիան, այլև հենց նույն ակումբները, որոնք հավաքականներին «պատշաճ քանակի և որակի ֆուտբոլիստներ մատակարարելու փոխարեն անդադար զբաղված են ֆեդերացիայի ղեկավարությանը և նրանց գործունեությանը որակումներ տալով»։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Փյունիկ», «Ուրարտու» ու «Շիրակ» ակումբները, FAF, Red Eagles ֆան-ակումբները։
Հոկտեմբերի 31-ին՝ «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ», նոյեմբերի 1-ին՝ «Նոա»-«Ուրարտու» և նոյեմբերի 2-ին «Արարատ»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուներն ակցիա են արել` խաղաղադաշտ ներխուժելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։