ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի ուժայինները ձերբակալել են երկրի ռազմական ծրագրերի մասին գաղտնի տվյալների արտահոսքի մեջ կասկածվող մի քանի անձանց, նրանցից մեկը կարող է լինել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աշխատակիցը։ Տեղեկությունը հայտնում է «Haaretz»–ը։
«Ձերբակալվել են գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքի գործով կասկածյալներ, որոնք կարող էին խանգարել Գազայի պատերազմի նպատակներին հասնելուն։ Ձերբակալվածներից մեկը կապված է Նեթանյահուի գրասենյակի հետ և պատերազմի ժամանակ սերտորեն համագործակցել է նրա հետ», - գրում է լրատվամիջոցը։
«Axios» կայքն էլ, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, տեղեկացնում է, որ կասկածյալներից մեկը Նեթանյահուի օգնականն է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն հետաքննում է իր հույժ գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքը՝ կապված Իրանին հարված հասցնելու Իսրայելի նախապատրաստման հետ, որը ներառում է Իսրայելի ռազմաօդային ուժերի զորավարժություններ՝ «օդ-երկիր» հրթիռների կիրառմամբ: Հոկտեմբերի 15-ով և 16-ով թվագրված փաստաթղթերը համացանցում սկսեցին շրջանառվել հոկտեմբերի 18-ին: Ըստ ԶԼՄ–ների՝ դրանց վրա «հույժ գաղտնի» դրոշմագիր կա, և նշված է, որ այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն «Հինգ աչք» (Five Eyes) հետախուզական դաշինքի անդամները, որի անդամներն են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան։
Հոկտեմբերի 23-ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ իր քարտուղարությունից որևէ մեկը կապ չունի այդ արտահոսքի հետ։
Հիշեցնենք` Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ: Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ գնդակոծության հետևանքով քաղաքացիների թվում զոհեր չկան։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են Հորդանան գետի արևմտյան ափին մեկ մարդու մահվան մասին, որը ենթադրաբար պաղեստինցի է եղել (Գազայի հատվածից):
Իրանցիները պնդում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի ռազմական օբյեկտները, իսրայելցիները վստահեցնում են, որ նվազագույն վնաս է հասցվել։ Նրանք խոստանում են պատասխան հարված հասցնել, իսկ ԱՄՆ-ն՝ օգնության հասնել իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանի հրթիռային հարվածից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձախողվել է Մերձավոր Արևելքում՝ լիակատար անօգնականություն ցուցաբերելով ճգնաժամերի լուծման հարցում: