ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը COP-29–ին ընդառաջ դիմել է կոչով` հորդորելով համախմբվել հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության։
Նա նշել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք COP-29 միջազգային կլիմայական համաժողովի նախաշեմին պետք է աշխարհին հիշեցնել 2020-23 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի, շուրջ 120 հազար արցախահայերի բռնի տեղահանության, հայկական մշակութային և կրոնական ժառանգության նպատակաուղղված ոչնչացման, Արցախի քաղաքական ղեկավարության ապօրինի գերեվարության մասին։
Արամ Առաջինը հայկական եկեղեցիների առաջնորդներին և սփյուռքի համայնքների ղեկավարներին կոչ է արել COP-29 միջազգային համագումարից առաջ ու այդ միջոցառման ժամանակ հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարությունը, հատկապես շեշտելով՝ միջազգային երաշխավորությամբ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնիշխանությունը վերահաստատելու Արցախի ժողովրդի արդար իրավունքը։
Արցախահայերի իրավունքների պաշտպանության համար նա կոչ է արել օգտագործել բոլոր հնարավորություններն ու կապերը՝ քաղաքական, դիվանագիտական, միջկրոնական` տեղեկատվական միջոցների լայն կիրառմամբ: Նա հորդորել է եկեղեցիներում արարողությունների ժամանակ աղոթել Արցախի քաղաքական ղեկավարների և այլ գերիների շուտափույթ ազատ արձակման համար:
Հանուն այդ հարցերի լուծման նա հորդորել է մի կողմ դնել տարաձայնությունները։