«Նոա»-«Ուրարտու» հանդիպմանը երկրպագուները մտել են դաշտ և պահանջել ՀՖՖ ղեկավարի հրաժարականը

Խաղը դեռ չի ավարտվել, առաջին խաղակեսում «Նոան» հաղթում է 1։0 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի «Նոա»–«Ուրարտու» խաղի ժամանակ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ ու պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Ակցիան սկսվել է հանդիպման 13-րդ րոպեին։ «Red eagles» ֆան շարժման անդամները պահանջել են ոչ միայն Մելիքբեկյանի, այլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ ղեկավարության հրաժարականը։
Նշենք, որ խաղը դեռ չի ավարտվել, առաջին խաղակեսում «Նոան» հաղթում է 1։0 հաշվով։
Երկրպագուները խաղադաշտից վանկարկում էին «Հեռացի՛ր», իսկ ձեռքերում պահում էին պաստառներ` «Your time has come» (քո ժամանակը եկել է)։
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվել էին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 14–ին Հայաստանի բարձրագույն խմբի մի քանի թիմերի ֆան-շարժումներ միացան Առաջին հայկական ճակատի (FAF) շարժմանը, որը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։