ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է հանրապետության բոլոր երեք հոգեբուժարանների հիմնանորոգումը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մեկ տարվա ընթացքում կավարտվեն Երևանի երկու ` «Ավան» և «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնների հիմնանորոգումն ու վերազինումը։ Քանի որ «Նուբարաշեն» կենտրոնն ավելի մեծ է, այս փուլում այն ամբողջությամբ չի վերանորոգվի (կհիմնանորոգվի 5 մասնաշենքերից 1–ը)։ Աշխատանքներ են սկսվել նաև «Սևան» հոգեկան առողջության կենտրոնում։
Նախարարի խոսքով` վերանորոգման ընթացքում առաջին հերթին հաշվի է առնվելու ոչ թե անձնակազմի, այլ հիվանդների հարմարավետությունը։ Այս մոտեցումը կիրառվում է ֆրանսիացի գործընկերների հետ քննարկումների հիման վրա։
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կփոխի հիվանդների հոսպիտալացման եղանակը։ Կընդլայնվի տնային խնամքի և ամբուլատոր բուժման հնարավորությունները այն հիվանդների համար, ովքեր խանգարման սուր փուլում չեն։