Երևանի Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում «BMW»–ի վարորդը Հյուսիսային պողոտայում մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:
Փաստի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդն իր վարած ավտոմեքենայով ներկայացել է բաժին ու ձերբակալվել, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են: