ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ, արվել են «նախընտրական մրցավազքի թեժ ժամանակ»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ հենց ինքն է «ոչնչացրել» «Հյուսիսային հոսք 2» նախագիծը՝ Ռուսաստանն ու Գերմանիան կապող գազատարը, և որ ԱՄՆ–ն դարձել է «հիմարների երկիր», որը ղեկավարվում է «հիմարների» կողմից։
«Դե, հավանաբար, այդ նախընտրական մրցավազքի թեժ պայքարի շրջանակում ենք լսում նշված հայտարարությունները։ Դժվար է հասկանալ, միգուցե իմաստ ունի այդ հարցն ուղղել այս թեկնածուի նախընտրական շտաբին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից և փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Դեմոկրատական կուսակցությունից։