ՀՀ ներմուծված առաքանիում հաշիշի յուղին նմանվող զանգված է հայտնաբերվել. ձերբակալվածներ կան

Առաքանիում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել սուր հոտով, դեղին զանգվածով:
Sputnik
ԱՄՆ–ից Հայաստան ներմուծված սուրհանդակային առաքանու մեջ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված է հայտնաբերվել, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու կասկածով ՀՀ 2 քաղաքացիներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ է ստացել, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով թմրամիջոց է ներմուծելու Հայաստան։
Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ հսկողություն է սահմանվել:
Մաքսային զննման է ենթարկվել «Տրանս Շիփինգ» ՍՊԸ–ի միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
«Առաքանիում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել 330 գրամ քաշով հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վ
Նրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։
Ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել։
«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուքի պիստակների մեջ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են թաքցրել