Դա բնորոշ է մեծ քաղաքներին․ Երևանի մետրոյի խոսնակը՝ կուտակումների մասին

Մետրոպոլիտենի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուղևորներին համբերության, ըմբռնման և միասին իրավիճակը բարելավելու պատրաստակամության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է։ Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այսօր սոցցանցերում տարածված տեսանյութերին։ Դրանցում մետրոյի կայարաններում մարդկային մեծ կուտակումներ են, մարդիկ չեն կարողանում անգամ վագոն մտնել։
Ասլանյանի խոսքով՝ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է:
«Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են այսպես կոչված «տափանորդները». նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են»,- գրել է Ասլանյանն ու հավելել՝ նման խնդիր ունի անգամ զարգացած համակարգ ունեցող երկիրը։
Միաժամանակ, մետրոպոլիտենը պատճառված անհարմարությունների համար հայցում է ուղևորների ներողամտությունը ու շնորհակալություն հայտնում համբերության և ըմբռնման համար: