ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Մոլդովայի Սահմանադրական դատարանը ճանաչել է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ՍԴ ղեկավար Դոմնիկա Մանոլեն։
«Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է՝ հաստատել հոկտեմբերի 20-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները», - հայտարարել է Մանոլեն:
Նրա խոսքով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ավելի քան մեկ երրորդը, Սահմանադրության փոփոխությանն աջակցել է մասնակիցների մեծամասնությունը:
Սահմանադրական դատարանի նիստը տեղի է ունեցել հանրաքվեի արդյունքների ճանաչման դեմ բողոքի ակցիայի ֆոնին, որը կազմակերպել են ընդդիմադիր Կոմունիստների կուսակցության և «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչները:
Հիշեցնենք` ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակ եվրաինտեգրմանը կողմ է քվեարկել երկրի քաղաքացիների 50,46%-ը, դեմ է արտահայտվել ընտրողների 49,54%-ը: Հանրաքվեի շրջանակում քաղաքացիները պետք է պատասխանեին մեկ հարցի. «Կո՞ղմ եք, որ ԵՄ–ին անդամակցելու համար փոփոխություններ կատարվեն Մոլդովայի Սահմանադրությունում»:
Մայա Սանդուի ռեժիմի կողմից Մոլդովայի գլխավոր դատախազի պաշտոնից հեռացված, ծնունդով Գագաուզիայից, սոցիալիստների կուսակցությունից նախագահի թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները վիճելի են և դժվար թե օրինական ճանաչվեն, ուստի ինքը դեմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը: