ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» շիզոֆրենիկ է որակել։ Նա այդ մասին հայտարարել է Մինսկի II միջազգային համաժողովում` նվիրված եվրասիական անվտանգության հարցերին։
Լավրովը նշել է, որ Ուկրաինայի խորհրդարանը վերջերս արգելեց Ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Սակայն Արևմուտքը աչք է փակում ՄԱԿ–ի կանոնակարգի առաջին հոդվածի (որը պահանջում է հարգել մարդու իրավունքները, անկախ ռասայից, սեռից, լեզվից և կրոնից) այդ կոպտագույն խախտման վրա։
«Արևմուտքը շարունակում է առաջ մղել Զելենսկու խաղաղության փակուղային, հիմար բանաձևը, որը Ռուսաստանի կապիտուլյացիա է ենթադրում։ Մի քանի շաբաթ առաջ այդ պարոնը ոչ պակաս շիզոֆրենիկ «հաղթանակի ծրագիր» է հրապարակել։ Բնականաբար, ո՛չ բանաձևը, ո՛չ ծրագիրը, ո՛չ էլ Կիևի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի` մե՛կ ՆԱՏՕ–ին, մե՛կ ԵՄ–ին անդամակցելու մասին երևակայությունները չեն մոտեցնում խաղաղությունը Եվրոպայում», – ընդգծել է ՌԴ նախարարը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Կիևը «հաղթանակի ծրագիր» ներկայացնելուց առաջ պետք է առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ նստի։