ԿԺԴՀ հրթիռային արձակումների պատճառով 7 երկիր խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի թռիչքն ունեցել է ռեկորդային 86 րոպե տևողություն՝ այդ ընթացքում հասնելով առավելագույն՝ ավելի քան 7 հազար կմ բարձրության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԿԺԴՀ-ի հրթիռային արձակման կապակցությամբ Մեծ Բրիտանիան, Մալթան, Սլովենիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Ճապոնիան խնդրել են նոյեմբերի 4-ին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպությունում իր աղբյուրին։
Այս հարցով նիստ անցկացնելու մասին որոշումը կկայացնի ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունը, որը նոյեմբերին ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի թռիչքն ունեցել է ռեկորդային 86 րոպե տևողություն՝ այդ ընթացքում հասնելով առավելագույն՝ ավելի քան 7 հազար կմ բարձրության: Հրթիռը հաղթահարել է հազար կմ տարածություն և ընկել Ճապոնական Օկուսիրի կղզուց մոտ 200 կմ արևմուտք՝ Հոկայդոյի մերձակայքում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները շարունակում են տվյալների վերլուծությունը, այդ թվում՝ փորձելով պարզել, թե արդյոք հրթիռը նոր տեսակի է եղել։ Ինչպես հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, հոկտեմբերի 31-ին ԿԺԴՀ-ի արձակած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հեռահարությունը, սովորական հետագծով արձակման դեպքում և կախված մարտագլխիկի քաշից, կարող է գերազանցել 15 հազար կմ-ը:
Ինչպես հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, փորձարկումների վայրում գտնվելով՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ հանրապետությունը չի փոխի միջուկային զինված ուժերի ամրապնդում նախատեսող քաղաքական կուրսը: