ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմական օդուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Հոմս նահանգի Քուսեյր քաղաքի արդյունաբերական գոտուն և մի քանի բնակելի տների։ Տեղեկությունը հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իր հերթին հայտնում է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Հզբոլլահ» շարժման զինամթերքի պահեստներին և հրամանատարական կենտրոններին: Ըստ ՑԱԽԱԼ-ի` վերջին շրջանում «Հզբոլլահը» սկսել է զինամթերք պահեստավորել նաև Լիբանանին սահմանակից Էլ-Քուսեյր քաղաքի շրջանում:
«Որոշ ժամանակ առաջ ռազմաօդային ուժերի կործանիչները, հիմնվելով հետախուզության տվյալների վրա, գրոհել են Սիրիայի Էլ-Քուսեյր շրջանում գտնվող «Ռադվան» ուժերի և «Հզբոլլահ» ահաբեկչական կառույցի կողմից օգտագործվող զինամթերքի պահեստներն ու շտաբները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը սեպտեմբերի վերջից ոչնչացնում է «Հզբոլլահի» ենթակառուցվածքները Լիբանանի հարավում և Բեյրութում։ ՑԱԽԱԼ-ը նաև հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ շրջանում «Հզբոլլահի» օբյեկտների դեմ ցամաքային սահմանափակ գործողություններ սկսելու մասին: «Հզբոլլահն» իր հերթին ամեն օր հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։