ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 104-ի։ Տեղեկությունը հայտնում է «Cadena SER» ռադիոկայանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 95 զոհի մասին: Նշվում էր, որ 92 մարդ մահացել է Վալենսիայում, 2-ը՝ Կաստիլիա Լա Մանչայում (Մադրիդից հարավ), 1-ը՝ Մալագայում։
«Վալենսիական համայնքի ղեկավար Կառլոս Մասոնը հաստատել է, որ մահաբեր ջրհեղեղի հետևանքով 104 մարդ է մահացել, 101-ը՝ Վալենսիա նահանգում, 3-ը՝ Միրայում (Կուենկա), Լետուրում (Ալբասետե) և Ալաուրին դե լա Տորեում (Մալագա)», – նշում է ռադիոկայանը:
Հիշեցնենք` Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։