ՀՀ–ում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում

Օրենսդրական այս փոփոխություններով առաջարկվում է նաև ՀՀ պաշտպանության պլանում ներառել ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում աշխարհազորի համակարգը կվերակազմակերպվի տեղական պաշտպանության ուժերի ներդրմամբ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Պաշտպանության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հրատապ նախագիծ. որոշում են` կոնկրետ որ տեղակալները պետք է դառնան աշխարհազորի հրամանատարներ
Նշվում է, որ 2020 թ. հոկտեմբերին սահմանվել են աշխարհազորի համակարգը, որի ղեկավարներն էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Նրանք պետք է ապահովեին աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում` աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից:
«Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից: Ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Բացի այդ, առաջարկվում է ՀՀ պաշտպանության պլանում ներառել ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:
Օրենսդրական այս փոփոխությունների փաթեթը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։
Աշխարհազորային ջոկատների հրամանատարները կորոշվեն օրենքով. ԱԺ–ն ընդունեց առաջարկը