ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Տասնամյակներ շարունակ Հայաստանում սխալ քաղաքականություն է վարվել, այդ թվում` դպրոցական դասագրքերի մակարդակով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօրվա այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Պապոյանի խոսքով` ՀՀ արտաքին քաղաքականության համար թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։
«Դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիները, ցավոք սրտի, տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ–որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ։ Դասագրքի մեջ ամենակարևոր բաները որո՞նք են, որ երեխաները պետք է սովորեն։ Իհարկե, պետության, բյուջեի, կառավարման համակարգի, տնտեսության, բիզնեսի մասին պատկերացումները»,– ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։
«Իմ կարծիքով` ամեն դեսպանի առաջ ամենակարևոր խնդիրը պետք է լինի, թե ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններում։ Պետք է գիտակցենք, որ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ ինվեստիցիա է գալիս, երբ տնտեսությունը զարգանում է։ Ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ»,–ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ երբ տնտեսության հարցը լուծվի, այն իր հետ կլուծի անվտանգության, մշակույթի, կրթության, առողջապահության, երկրի միջազգային դիրքի հետ կապված հարցերը։