Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևը «հաղթանակի պլանի» գաղտնի մասում ԱՄՆ-ից «Tomahawk» թևավոր հրթիռներ է խնդրել: Նա վրդովվել է, որ այդ մասին իմացել են լրատվամիջոցները։
Զելենսկին նշել է, որ «Tomahawk» հրթիռները Ուկրաինայի և Սպիտակ տան միջև քննարկվող գաղտնի հարցերից է եղել:
«Բազմաթիվ երկրներ սկսեցին աջակցել հաղթանակի ծրագրին, բայց դուք հիմա տեսնում եք, թե ինչ է կատարվում լրատվամիջոցներում․ նրանք ասում են, որ Ուկրաինան ցանկանում էր կամ ցանկանում է ստանալ շատ հրթիռներ, օրինակ` «Tomahawk» և այլն: Բայց դա Ուկրաինայի և Սպիտակ տան միջև գաղտնի տեղեկություն էր: Ինչպե՞ս հասկանալ այդ հաղորդագրությունները։ Դա նշանակում է, որ գործընկերների միջև գաղտնի ոչինչ չկա», - ասել է Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։
«The New York Times» -ը հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ Ուկրաինայի «հաղթանակի պլանի» չհրապարակված հավելվածում Կիևը Վաշինգտոնից «Tomahavk» թևավոր հեռահար հրթիռներ է խնդրել։ Ըստ պարբերականի` Զելենսկին ցնցվել է,, որ Ջո Բայդենն այդպես էլ թույլ չի տվել արևմտյան հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին, իսկ ինքը նույնիսկ խնդրել է ավելի հզոր և հեռահար «Tomahawk» հրթիռներ՝ Ռուսաստանի «ոչ միջուկային զսպումն» ապահովելու համար։
Թերթը նշել էր, որ Վաշինգտոնում բավականին սառնությամբ են ընդունել «հաղթանակի պլանը», որը Զելենսկին սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի ժամանակ ներկայացրել է Բայդենին, ինչպես նաև արևմտյան այլ դաշնակիցներին: Ամերիկացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նույնիսկ որոշակի վրդովմունք են հայտնել անիրատեսական ծրագրի առնչությամբ, որը հենվում է միայն Արևմուտքի օգնության վրա։
Ըստ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի` Ռուսաստանին հաղթելու պլանի գաղտնի մասում Զելենսկին «ոչ միջուկային զսպման միջոցների փաթեթ» է առաջարկել, որը նաև «Tomahawk»-ների տրամադրում է նախատեսում։
«Tomahawk»–ը թևավոր հրթիռ է, որն ունի ռազմավարական (ցամաքային օբյեկտներ խոցելու համար) և մարտավարական (վերջրյա նավեր խոցելու համար) մոդիֆիկացիաներ: Հրթիռի հեռահարությունը կազմում է մինչև 2500 կմ, ինչն ավելի քան 7 անգամ գերազանցում է ATACMS հրթիռների հեռահարությունը, որոնք Կիևը ԱՄՆ-ից ստացել է այս տարի (այն էլ, ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դրանք տրամադրվել են սահմանափակ քանակությամբ): Կան նաև «Tomahawk»-ի մոդելներ, որոնց հեռահարությունը գաղտնի է պահվում։