ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատախազությանը հորդորել է չխանգարել իրեն և զբաղվել սեփական գործերով։ Տեղեկությունը մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Դատախազությունը Վրաստանի ԿԸՀ–ի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ, որոնց վերաբերյալ հայտարարություններ են հնչեցրել նախագահն ու այլ քաղաքական գործիչներ։ Զուրաբիշվիլիին հոկտեմբերի 31-ին դատախազություն են հրավիրել։
«Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել սեփական գործերով և դադարեցնել նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զուրաբիշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանի գործընկերները հետևում են` արդյոք դատախազությունը կարող է անկախ և անաչառ լինել, իսկ այն, ինչ այսօր անում է դատախազությունը, է՛լ ավելի շատ հարցեր է առաջացնում։
«Այնպես որ դատախազությունը թող իր գործով զբաղվի, նախագահն էլ` իր», – նշել է Զուրաբիշվիլին։
Ասուլիսից առաջ նախագահական նստավայրում ցուցադրվել են տեսանյութեր ընտրատեղամասերից, որոնք, ինչպես հետո ասել է Զուրաբիշվիլին, ապացուցում են ընտրակեղծիքները։ Նա նշել է, որ նման բազմաթիվ նյութեր են տարածվում ամեն կողմից։
Զուրաբիշվիլին ընդգծել է, որ բոլոր «նորմալ երկրներում» քննչական մարմինն անձամբ պետք է ապացույցներ գտնի, այլ ոչ թե նախագահից խնդրի դրանք։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ` նույնականացման և ձայները հաշվարկող սարքերով։ Նույնականացման սարքով ստուգում էին անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ձայները հաշվարկող սարքի մեջ տեղադրում քվեաթերթիկը։
Հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում հաղթեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը` հավաքելով քվեների 53,93%-ը: Այս արդյունքները հրաժարվեցին ճանաչել խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր չորս ուժերը, նրանց աջակցող ՀԿ–ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երկրի նախագահը հայտարարեց, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, և դրա համար ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվել։ Ավելի ուշ նախագահը խոսեց «հայկական կարուսելի» մասին (ըստ նրա պարզաբանման` այդ հասկացության տակ Վրաստանում նկատի ունեն այն մեխանիզմը, որի դեպքում նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում. խմբ.):
Իշխանությունները բոլոր մեղադրանքներն ապատեղեկատվություն են որակում։ «Վրացական երազանքի» առաջնորդներն ամեն օր ճեպազրույցներ են անցկացնում և մեկնաբանում յուրաքանչյուր մեղադրանք։ Խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին վստահեցրել է, որ ընտրակեղծիքների վերաբերյալ ապացույցները կեղծված են։