Համաձայնե′ք, վերջին օրերին անընդհատ հնչող այս հարցը հար և նման է այն հարցին, որը զարմացած մարդիկ տալիս էին 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ լա′վ, ինչպե՞ս կարող էր ընտրողների մեծ մասն իր ձայնը տալ այն քաղաքական ուժին, որի օրոք հայերը ջախջախիչ պարտություն կրեցին՝ կանխորոշելով Արցախի կորուստը։
Թույլ տվեք շրջանցել հայաստանյան ընտրությունների թեման՝ այնքան է խոսվել էդ մասին, որ դժվար թե որևէ մեկը կարողանա նոր բան ասել, բացի ժողովրդի հասցեին հնչող սովորական մեղադրանքներից՝ դասեր չենք քաղում պատմությունից, չենք հասկանում, որ այս իշխանությունները մեզ տանում են դեպի կործանում, և վերջապես՝ էդպես էլ մեզ պետք է, բողոքելու իրավունք չունենք։
Վրաստանում, այսպես ասած, հետընտրական հիմնավորումը բոլորովին այլ է՝ ընտրությունները կեղծվել են։ Ու վկայակոչվում են այն խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները։ Կներե′ք, առնվազն վերջին երկու տասնամյակներում հայաստանյան բոլոր ընտրություններից հետո միջազգային դիտորդները նույն բանն են արձանագրել՝ եղել են խախտումներ, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքների վրա։ Ինչի համար, ի դեպ, եվրոպացիները արհամարհական որակումների են արժանացել այն գործիչների կողմից, որոնք մի ժամանակ ընդդիմադիր էին, իսկ այժմ ղեկավարում են հանրապետությունը։
Իհարկե, «ընտրությունները կեղծվել են» հիմնավորումն ամենահեշտն է, և արևմտյան որոշ մեկնաբաններ այնուամենայնիվ փորձում են բացահայտել կատարվածի իրական պատճառները։ Լեհ վերլուծաբան Վոյցեխ Գորեցկին, օրինակ, կեսլուրջ-կեսկատակ ասում է. «Վրացի երազողներին» հաջողվել է գտնել իրենց երազած կախարդական փայտիկը», և բացատրում է. «Նրանք գիտեն, որ մի կողմից, Վրաստանի հասարակությունը եվրոպամետ է՝ հարցումների ժամանակ բնակչության 80 տոկոսը արտահայտվում է Եվրամիությանն անդամակցելու օգտին։ Մյուս կողմից, նրանք գիտեն նաև, որ այդ հասարակությունը պահպանողական է։ Եվ վերջապես, նրանք քաջ գիտակցում են, որ այդ հասարակությունը ցանկանում է կայունություն և չի ցանկանում պատերազմ։ Այսինքն, քվեարկելով «Վրացական երազանքի» օգտին, բոլորը ստանում են իրենց ուզածը։ Այդ կուսակցությունը հայտարարել է, որ ամենևին չի հրաժարվել եվրոպական ուղուց, հանդես է գալիս ավանդական արժեքների պահպանման օգտին, խոստանում է կայուն զարգացում և մերժում է այնպիսի քայլերը, որոնք կարող են նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ահա և կախարդական փայտիկը»,- ամփոփում է լեհ փորձագետը։
Բնականաբար, չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ իշխող կուսակցության հաջողությանը, ինչպես և Հայաստանում, մեծապես նպաստել է ընդդիմության թուլությունը։ Ընդդիմադիրները չմիավորվեցին մեկ միասնական ընտրացուցակում, հիմնականում զբաղվեցին իշխանավորներին փնովելով և գրեթե ոչինչ չասացին այն մասին, թե հաղթելու դեպքում ինչ են անելու հասարակ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ախր, այնքան ծանոթ պատկեր է, որ մարդ միանգամից մտաբերում է երկվորյակ եղբայրներ Հայոսի և Քարթլոսի մասին առասպելը։
Շատերը հիմա հարց են տալիս՝ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը։ Բրիտանական հայտնի լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը մի քանի սցենար է ներկայացնում։ Առաջին՝ դատարաններ։ Ընտրությունների արդյունքների վիճարկումը դատարաններում ամենատրամաբանական, ամենաօրինական, բայց նաև ամենադժվար ճանապարհն է։ Հայաստանյան փորձը վկա։ Այո′, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ այս կամ այն ընտրություններից հետո անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները որոշ ընտրատեղամասերում, քվեարթերթիկների վերահաշվարկ է կատարվել, բայց հիշեք գեթ մի դեպք, երբ Սահմանադրական դատարանը, որին սովորաբար միշտ դիմել է ընդդիմությունը, անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները։ Չի′ եղել նման բան։
Երկրորդ տարբերակը՝ շրջափակել խորհրդարանի շենքը և թույլ չտալ, որպեսզի նորընտիր պատգամավորները հավաքվեն առաջին նիստին։ Մասնագետները հավատացնում են՝ դա էլ է շատ դժվար։ Դուք եղե՞լ եք Վրաստանի խորհրդարանում։ Ես եղել եմ։ Մեր Ազգային ժողովի նման իրենց պառլամենտն էլ մի քանի մուտք ունի։ Եվ ինչպես մեզ մոտ մուտքերից մեկը Դեմիրճյան փողոցի վրա է, որը դժվար չի փակել, վրացական խորհրդարանի մուտքերից երկուսը դուրս են գալիս կողքի նեղ փողոցի վրա, որտեղ գտնվում են Պետական անվտանգության ծառայությունը և հատուկ ջոկատայինների զորանոցը։ Երևի պատկերացնում եք, որ այդ փողոցը ցուցարարներից «մաքրելը» մեծ դժվարություն չի ներկայացնում։
Մնաց այն միջոցը, որը հաջողությամբ փորձարկվել է թե′ Վրաստանում, թե′ Հայաստանում։ Այո′, խոսքը ժողովրդական ճնշման, այսինքն, փողոցային ակցիաների մասին է։ Հենց այդպես ավելի քան 20 տարի առաջ Վրաստանում գահընկեց արվեց Էդուարդ Շևարդնաձեն, հենց այդպես 6 տարի առաջ Հայաստանում ցուցարարները ստիպեցին հեռանալ Սերժ Սարգսյանին։ Պարզապես կա մի նրբություն՝ այդ հաջողված փորձերից հետո բազմաթիվ ու բազմապիսի զանգվածային ակցիաներ են եղել թե′ Հայաստանում, թե′ Վրաստանում։ Ինչո՞ւ ոչինչ չի ստացվել։ Ինչպես ասում էր մեր նախկին արտգործնախարարներից մեկը՝ A million dollar question… Միլիոն դոլար կտամ նրան, ով կգտնի այս հարցի ստույգ պատասխանը…