ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուս մանկավարժ-հոգեբան Նատալյա Մայորովան և մանկավարժ-նյարդահոգեբան Անաստասիա Եգորովան հայ երեխաներին և նրանց ծնողներին կօգնեն Ռոսսոտրուդնիչեստվոյի «Առաքելություն Բարություն» միջազգային ծրագրի շրջանակում: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն։
Ռոսսոտրուդնիչեստվոյի նոր ծրագրին նվիրված ասուլիս
© Sputnik / Zara Mika
«Այս տարի Երևան են եկել 2 մասնագետներ, որոնք կպարապեն հայ մանուկների հետ։ Մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ նրանք կաշխատեն Երևանի թիվ 17 դպրոցում (հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց. խմբ․)։ Բայց եթե որևէ մեկը խորհրդատվության կամ օգնության կարիք ունենա, կարող է սոցիալական ցանցերով դիմել մեզ, և մենք կփորձենք խորհրդատվություն կազմակերպել», - ընդգծեց Դերիպասկոն՝ հավելելով, որ Հայաստանն արդեն 3-րդ տարին է մասնակցում «Բարություն Առաքելություն» նախագծին։
Եգորովան իր հերթին նշեց, որ դպրոցում դիալեկտիկական վարքային թերապիա է անցկացնում առողջական առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Միաժամանակ նա ընդգծեց, որ դպրոցի կոլեկտիվը պատրաստ է համագործակցության և ընդառաջ է գնում մասնագետներին: Հենց դրա շնորհիվ էլ նա որոշել է հաշվելու հատուկ քարտեր մշակել, որոնք մանկավարժները կօգտագործեն աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող և թույլ կենտրոնացում ունեցող երեխաների հետ աշխատելիս:
Անաստասիա Եգորովա
© Sputnik / Zara Mika
«Հնարավոր է՝ մենք այդ գործիքը սկզբում ներդնենք Հայաստանում, իսկ հետո կիրառենք այլ երկրներում», - ասաց նյարդահոգեբանը։
Փորձագետը նշեց, որ իրեն հաճելիորեն զարմացրել է առանձնահատկություններ ունեցող երեխաների ռուսերենի իմացությունը։ Նրա համոզմամբ` դա կարևոր է ուղեղի զարգացման համար և կարող է մեծ դեր խաղալ երեխաների զարգացման համար ընդհանրապես: Եգորովան հավելեց` երեխաների հետ աշխատելու ընթացքում հասկացել է, որ նրանք բոլորը յուրահատուկ են, բայց ոչ տարբեր։ Նա ռուս և հայ երեխաների միջև էական տարբերություններ չի նկատել։
Մանկավարժ - հոգեբան Նատալյա Մայորովան իր հերթին նշեց, որ պատրաստ է իր 13 տարվա փորձը փոխանցել հայ գործընկերներին։
Նատալյա Մայորովա
© Sputnik / Zara Mika
«Մենք տեսանք, որ մանկավարժները հետաքրքրված են և ցանկանում են յուրացնել փորձը։ Դա շատ կարևոր է, և մենք հաճույքով կփոխանցենք մեր փորձը», - եզրափակեց մանկավարժը:
Նշենք, որ Ռոսսոտրուդնիչեստվոն ու Կամավորական կենտրոնների ասոցիացիան «Բարություն Առաքելություն» ծրագիրն իրականացնում են 2021 թվականից: Ծրագրի կազմակերպիչները Ռուսաստանից մանկավարժներ են ընտրում 2-8 շաբաթվա ժամկետով այս կամ այն երկիր ուղարկելու համար։ Ծրագրի խնդիրներն են՝ միջազգային մարդասիրական համագործակցության զարգացում և ամրապնդում, միջազգային կամավորական համայնքի ստեղծում և ընդլայնում, ինչպես նաև աջակցություն ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: