ՌԴ–ում ՀՀ դեսպանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Զրույցն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել։
ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել դիվանագիտական ներկայացուցչությունների միջև հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։
Արսենյանը նաև շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կողմնակից է և դեմ է հակառուսական պատժամիջոցներին, ստացել է քվեների 53,93%-ը: Խորհրդարան են անցել նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ` ընդհանուր հավաքելով 37,78%։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։