ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ-ն երկրի տարածքում ապօրինի միգրանտների թվի 40 տոկոս աճ է արձանագրել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը միգրացիայի թեմային նվիրված կոլեգիայի նիստում։
«Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում եղել է այլ պետությունների ավելի քան 6,5 մլն քաղաքացի, որոնցից ավելի քան 740 հազարը բնակության օրինական հիմքեր չեն ունեցել։ Նշված անձանց թիվ տարեսկզբից աճել է մոտ 40 տոկոսով»,– ասել է նախարարը։
Կոլոկոլցևը պարզաբանել է, որ որոշ միգրանտներ ՌԴ են մուտք գործում զբոսաշրջային վիզայով, այնուհետև մնում են երկրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ՆԳՆ-ն քննարկում է միգրացիոն վերահսկողության խստացմանն ու անօրինական բնակության կանխմանն ուղղված նոր միջոցների ներդրումը, ինչը նույնպես քննարկման առարկա կդառնա օրենսդիր մարմինների հետ և կարող է հանգեցնել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների: