ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն կասկածի տակ չի դրել ԱԺ–ում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի` միջնորդության վերաբերյալ հայտարարությունը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ հարուցելու հիմքեր չկան։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
«Մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, սակայն դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթը նախաձեռնվել է»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` Քննչական կոմիտեի ղեկավարը բառացի չի ասել, որ իր նկատմամբ ճնշումներ կան։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ չի կարող ամեն հայտարարության հիման վրա վարույթ նախաձեռնել։
Նա ընդգծեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2 ծառայություն կա` քննչական և օպերատիվ– հետախուզական։ Երբ քննչական մասով քննիչը քրեական վարույթ նախատեսելու հիմքեր չի տեսնում, վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացնում։ Սակայն լինում է նաև այնպես, որ քննիչն իր նախաձեռնությամբ նյութերն ուղարկում է օպերատիվ ստուգման։
Խաչատրյանն ընդգծեց, որ լրագրողներն իրենց հուզող հարցերը կարող են քննիչին տալ, քանի որ քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է։
Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով: