Քանի՞ հաջողակ տղամարդ է մասնակցելու Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին

Ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին` ժամը 18:00-ին, «Լիվինգսթոն» ռեստորանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նախնական տվյալներով, վաղը կընթրեն 53 հայազգի հաջողակ գործարարներ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Աննա Հակոբյանը ընթրիք է կազմակերպել հաջողակ գործարար տղամարդկանց հետ։ Մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ:
Աշխարհի բոլոր պաշտոնյաներն էլ գնում են. ՄԻՊ–ը` Աննա Հակոբյանի և դատախազի հետ ընթրիքի մասին
«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից լրատվամիջոցին հայտնել են, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին` ժամը 18:00-ին, «Լիվինգսթոն» ռեստորանում:
«Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, և եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել և մասնակցելու է ընթրիքին»,–գրում է օրաթերթը։
Հավելենք, որ ռեստորանը պատկանում է ՀՀ իշխանությունների սիրելի գործարարներից մեկին` Դավիթ Եփրեմյանին։
Հիշեցնենք` այս տարվա ապրիլին էլ Աննա Հակոբյանը «ԱրմԱս» գինու գործարանում ընթրիք էր կազմակերպել հաջողակ կին բիզնեսմենների համար։ Մուտքավճարը կրկին 1 մլն դրամ էր։