Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից

Եվրամիության և Վրաստանի դրոշները
Եվրահանձնաժողովի հանձնարարականը առանցքային է թեկնածու երկրի ընդունման շուրջ բանակցություններ սկսելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը հրաժարվել է ԵՄ–ին անդամակցելու շուրջ Վրաստանի հետ բանակցություններ սկսելու համար հանձնարարական տալուց և պահանջել է, որ Թբիլիսին փոխի իր քաղաքական դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի` ԵՄ թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցում հրապարակված հայտարարությանը։

«Եթե Վրաստանը չփոխի իր ուղղվածությունը, որը խաթարում է ԵՄ տանող նրա ճանապարհը, և տեսանելի ջանքեր չցուցադրի արձագանքելու համար առանցքային բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ մտահոգություններին, Եվրահանձնաժողովը չի կարողանա քննարկել Վրաստանի հետ բանակցություններ սկսելու առաջարկի հնարավորությունը»,- ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովի հանձնարարականը առանցքային է թեկնածու երկրի ընդունման շուրջ բանակցություններ սկսելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կողմնակից է և դեմ է հակառուսական պատժամիջոցներին, ստացել է քվեների 53,93%-ը: Խորհրդարան են անցել նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ` ընդհանուր հավաքելով 37,78%։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։
Ամերիկյան հայտնի «Pro V&V» աուդիտորական ընկերությունը (ԱՄՆ-ում համապատասխան հավատարմագրում ունեցող երկու ընկերություններից մեկը) ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում անցկացված ընտրությունների քվեարկության էլեկտրոնային համակարգը սարքին է եղել, և «կարուսելի» համար անգամ տեխնիկական հնարավորություն չի եղել:
Թեև Վրաստանի Սահմանադրությամբ արգելվում է, որ երկրի ղեկավարը կուսակցական լինի, բայց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել: