ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի դատախազությունը հոկտեմբերի 31-ին հարցաքննության է կանչել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ կապված հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կեղծելու մասին նրա արած հայտարարությունների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների, այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկության ժամանակ «հայկական կարուսելի» (ինչպես նա պարզաբանել է, այդ հասկացության տակ Վրաստանում նկատի ունեն այն մեխանիզմը, որի դեպքում նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում, – խմբ.) կիրառման մասին: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մեկնաբանելով նախագահի մեղադրանքները, դրանք անվանել է կեղծ և երկրի ընտրական համակարգը վարկաբեկելու նպատակ հետապնդող:
«Դատելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունից՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման մասին։ Օրենքի համաձայն` Վրաստանի նախագահը հոկտեմբերի 31-ին կանչվել է հարցաքննության», - ասված է դատախազության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ հնարավոր ընտրակեղծիքների գործի շրջանակում կհարցաքննեն բոլոր նրանց, ովքեր այդ կապակցությամբ կարող են տիրապետել տեղեկատվության։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կողմնակից է և դեմ է հակառուսական պատժամիջոցներին, ստացել է քվեների 53,93%-ը: Խորհրդարան են անցել նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ` ընդհանուր հավաքելով 37,78%։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։
Ամերիկյան հայտնի «Pro V&V» աուդիտորական ընկերությունը (ԱՄՆ-ում համապատասխան հավատարմագրում ունեցող երկու ընկերություններից մեկը) ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում անցկացված ընտրությունների քվեարկության էլեկտրոնային համակարգը սարքին է եղել, և «կարուսելի» համար անգամ տեխնիկական հնարավորություն չի եղել:
Թեև Վրաստանի Սահմանադրությամբ արգելվում է, որ երկրի ղեկավարը կուսակցական լինի, բայց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել: