ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոչ թե գերատեսչությունները թվայնացնողն է, այլ քաղաքականություն մշակողը։ ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ քանի որ թվայնացման բյուջեն կենտրոնացված է նախարարությունում, թյուր կարծիք կա, թե ԲՏԱՆ է, օրինակ, հանրային ծառայությունները թվայնացնում։ Նախարարը նշեց՝ բյուջեն կենտրոնացված է՝ պարզապես այդ աշխատանքներն ավելի ճկուն կազմակերպելու նպատակով։
«Յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է գնում թվայնացման իր իսկ քաղաքականությունների շրջանակներում։ Մենք քաղաքականություն մշակողն ենք, և մեր ընկալմամբ՝ այս ընթացքում 2 կարևոր տնային աշխատանք ենք կատարել, որոնք գալու են նպաստելու թվայնացման տեմպերի արագացմանը»,- ասաց նա։
Մասնավորապես այս համատեքստում նախարարը մատնանշեց երկու օրինագիծ՝ հանրային տեղեկատվության մասին օրենսդրական նոր նախագիծը, որը շուտով կվերջնականացվի ու կշրջանառվի։ Երկրորդը կիբեռանվտանգության մասին օրինագիծն է, որն էլ նախատեսվում է մինչև տարեվերջ ԱԺ բերել։
«Քաղաքականությունների մշակման տեսանկյունից ԲՏԱ-ն երբեք պատասխանատվությունից չի խուսանավել»,- շեշտեց նախարարը։
Նա հավելեց՝ այնուամենայնիվ, յուրաքանչյուր գերատեսչությունից է պետք ակնկալել կոնկրետ քայլեր և գործողություններ։