Այս տարի որքա՞ն հացահատիկ է Հայաստան ներմուծվել Ռուսաստանից

Հացահատիկ
ՀՀ–ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 770 հազար տոննա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան ներմուծվող հացահատիկի գրեթե ամբողջ ծավալն ապահովում է Ռուսաստանը։ Այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին արդեն ներմուծվել է Հայաստանին անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսերի ծավալի մոտ 48%-ը։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի ներմուծման ծավալները գնահատվում են շուրջ 522 հազար տոննա` 390 հազար տոննա ցորեն, 60 հազար տոննա գարի, 72 հազար տոննա եգիպտացորեն։
2024 թվականի հունվար–օգոստոսին Հայաստան է ներմուծվել շուրջ 252,7 հազար տոննա հացահատիկ, որից 188,2 հազար տոննան ցորեն է, 28,5 հազար տոննան` գարի, 36 հազար տոննան` եգիպտացորեն։
«Հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99,9%) ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից»,– ասված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից պարզաբանել են նաև, որ ՀՀ–ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 770 հազար տոննա` 535 հազար տոննա ցորեն, 140 հազար տոննա գարի, 95 հազար տոննա եգիպտացորեն։
2023 թվականին ՀՀ–ում հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմել է` ցորեն` 27,9%, գարի` 56,8%, եգիպտացորեն` 8,3%.
Նախարարությունն ընդգծել է, որ կարևորում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանումը, և այդ կապակցությամբ հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը։ Արտադրողականության բարձրացման նպատակով շահառուներին պարտադիր պահանջ է ներկայացվել ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։