ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2025 թվականին Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը կկրճատվի մոտ 20%-ով՝ 134 մլրդ դրամից հասնելով 110 մլրդ դրամի (280 մլն դոլարից մի փոքր շատ)։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այդ գումարից «անվտանգության բարձիկ» է հատկացվում հարկերի թերակատարման և տնտեսական իրավիճակի վատթարացման ռիսկերի համար (ֆոնդի մնացած մասը պահպանվում է արտակարգ իրավիճակների համար, որոնցից մեկն այս տարվա մայիսին Հայաստանի հյուսիսում գրանցված հեղեղումն էր)։
2024 թվականին տնտեսական խնդիրների համար հատկացված գումարն ընդհանուր ֆոնդի 134 մլրդ դրամից կազմել է 50 միլիարդ, որը, սակայն, տարվա արդյունքներով չի ծախսվել։
2025-ի համար պահուստային ֆոնդի չափը կկրճատվի մինչև 110 մլրդ դրամ, բայց «տնտեսական բարձիկը» նախատեսված է 95 միլիարդի չափով (245 մլն դոլար, այսինքն՝ չնայած ֆոնդի կրճատմանը` տնտեսական «բարձիկը» կավելանա)։
Բացի այդ, կառավարությունը երկրի ՀՆԱ-ի 1%-ի չափով առանձնացված պահում է կայունացման հաշիվ, որտեղ այժմ 100-110 մլրդ դրամ կա (280 մլն դոլարից մի փոքր շատ)։