Վրաստանի ԿԸՀ–ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի ԿԸՀ–ն նշել է, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային դիտորդական առաքելությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իբր «հայկական կարուսել» է կիրառվել, ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը։ Այս հայտարարությունը տարածել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Վրաստանի խորհրդարանական ընտրությունների, այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկության ժամանակ «հայկական կարուսել» է կիրառվել (ըստ նրա պարզաբանման` այդ հասկացության տակ Վրաստանում նկատի ունեն այն մեխանիզմը, որի դեպքում նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում. խմբ.) կիրառման մասին:
ԿԸՀ-ն վստահեցրել է, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային, տեղական դիտորդական առաքելությունները, գործընթացին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
ԿԸՀ-ն հիշեցրել է, որ ընտրական գործընթացում տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է աշխարհի ավելի քան 30 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրություններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերության հետ համագործակցությամբ:

«Էլեկտրոնային տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձը ոչ այլ ինչ է, քան չընդունել իրականությունը և, սեփական քաղաքական շահերից ելնելով, մոլորության մեջ գցել հասարակությանը», – ընդգծել է ԿԸՀ–ն։

Հանձնաժողովը նշել է, որ Զուրաբիշվիլին արդեն մի քանի օր է, ինչ հարցազրույցներում և հրապարակային ելույթներում անհիմն և կեղծ մեղադրանքներով հասարակության մեջ անվստահություն է սերմանում նոր տեխնոլոգիաների նկատմամբ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կողմնակից է և դեմ է հակառուսական պատժամիջոցներին, ստացել է քվեների 53,93%-ը: Խորհրդարան են անցել նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ` ընդհանուր հավաքելով 37,78%։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։
Ամերիկյան հայտնի «Pro V&V» աուդիտորական ընկերությունը (ԱՄՆ-ում համապատասխան հավատարմագրում ունեցող երկու ընկերություններից մեկը) ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում անցկացված ընտրությունների քվեարկության էլեկտրոնային համակարգը սարքին է եղել, և «կարուսելի» համար անգամ տեխնիկական հնարավորություն չի եղել:
Թեև Վրաստանի Սահմանադրությամբ արգելվում է, որ երկրի ղեկավարը կուսակցական լինի, բայց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել: