ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Ընկերության տնօրենը կալանավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 11 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և ՀԴՄ կտրոն չի տրամադրում, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
«Ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,2 մլրդ դրամի իրացման շրջանառություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։ Ձեռքբերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատարան` ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։