Կինը բեռնատար գնացքի տակ ընկնելու պահին եղել է երկաթուղային գծերի արգելված հատվածում. ՀԿԵ

Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի բնակչուհի Արմինե Դ.-ն բեռնատար գնացքի տակ ընկնելու պահին եղել է երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է գիտակցության չգալով։

«Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վթարի վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ, ինչը շինարարական նորմերի անթույլատրելի խախտում է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել երկաթուղային ենթակառուցվածքի թույլատրելի հատվածներում հատման կանոնները և ընդգծում է գծերի վրա քաղաքացիների գտնվելու անթույլատրելիությունը։
2 մահացու վրաերթ` մեկ օրում. Լոռիում և Կոտայքում տարեց տղամարդիկ են մահացել
Ընկերությունից հայտնում են, որ բացի նշված դեպքից, հոկտեմբերի 27-ին Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է ВАЗ 2107 մակնիշի մարդատար ավտոմեքենային, որն անտեսել է լուսացույցի կարմիր ազդանշանը և դուրս եկել ընթացող գնացքի դիմաց: Բարեբախտաբար, լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակման կիրառման արդյունքում ոչ ոք չի տուժել: