«Միսս տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը

Էմմա Ավանեսյան
32–ամյա Էմմա Ավանեսյանը մոդելային գործակալության հիմնադիր է, երգչուհի, ունի մեկ երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ «Միսս տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք Հայաստան 2024» մրցույթի երրորդ վիցեմիսս Էմմա Ավանեսյանը։ Տեղեկությունը հայտնում է «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ երբ հայտնի դարձավ` մրցույթում Հայաստանը ներկայացնելու է ազգությամբ ռուս գեղեցկուհի Իրինա Զախարովան, սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկում սկսվեց։ Դժգոհություն հայտնեցին նաև նախկին տարիներին մրցույթում Հայաստանը ներկայացրած մասնակիցները։ Հոկտեմբերի 23–ին մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ Զախարովան չի մասնակցի մրցույթին։
Ըստ մրցույթի կազմակերպիչների` 32 տարեկան Էմմա Ավանեսյանը բնակվում է Ռուսաստանում, մոդելային գործակալության հիմնադիր է, երգչուհի, ունի մեկ երեխա։

«Հպարտ եմ, որ «Միսս տիեզերք» մրցույթում ես եմ ներկայացնելու Հայաստանը։ «Ոչ մի արդարացում. միայն առաջ». այս արտահայտությունն ուղենիշ դարձավ ինձ համար, որպեսզի կարողանամ հասարակ աղջկանից դառնալ հաջողակ մոդելային գործակալության հիմնադիր, երգչուհի և մոդելային վարպետություն դասավանդող։ Ես բազմաթիվ պարգևներ ունեմ, որոնք համառ աշխատանքի արդյունք են»,–գրել է մոդելը «Ինստագրամ» սոցցանցում։

Հիշեցնենք, որ «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթն այս տարի անցկացվել էր Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան: «Միսս տիեզերք» մրցույթը կանցկացվի նոյեմբերին Մեքսիկայում։