ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ նախարարությունների շենքում ագրեսիվ վարքագիծ դրսևորած քաղաքացին ձերբակալվել է գույք վնասելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան նա բենզատարով մտել է Հանրապետության հրապարակ, կայանել այն ու փախուստի դիմել, այնուհետև մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք, պահանջել հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ։
«Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Տեսնելով, որ նշված անձը ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածք է դրսևորում՝ ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է, ապա մուտք գործել արդեն դիմացի մասնաշենքի ընդունարան, որտեղ չենթարկվելով ոստիկանության ծառայողի՝ հեռանալու վերաբերյալ պահանջին, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարները, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը, տեղադրման վայրից պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը»,– նշվում է հաղորդագրությունում։
Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նշված անձին։ Իսկ ոստիկանության բաժին գնալու ճանապարհին քաղաքացին բղավել է, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի։
Նույն օրը ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ անհայտ քաղաքացին Երևան-Սևան մայրուղում գտնվող բենզալցակայանից առևանգել է անհայտ մակնիշի բենզատար և հեռացել անհայտ ուղղությամբ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանից բենզատար մեքենան առևանգելու հանգամանքները, դրան ձերբակալված անձի առնչությունը և դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։