Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին․ դատախազությունը` Քոչարյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի Եռաբլուրում հայտատարությունից քիչ անց, դատախազությունը, կարծես թե, արձագանքել է նրա մեղադրանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության համար 2019-2024 թվականների ընթացքում հարցաքննվել է 24 վկա, կա 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ այսօր՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում հայտատարեց, որ ՀՀ գլխավոր դատախազից ակնկալում էր, որ Հոկտեմբերի 27-ի 25-րդ տարելիցին բազմաթիվ հարցերի պատասխաններ կտրվեն, սակայն դա տեղի չունեցավ։ Նա նշել էր, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված իր ակնկալիքները գլխավոր դատախազից չեն արդարացել։
Հայտարարությունից քիչ անց դատախազությունը, կարծես թե, արձագանքել է Քոչարյանին։
«Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է քննչական կոմիտեին»,-հայտնել են գերատեսչությունից։
Դատախազությունից հիշեցրել են, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից ահաբեկչական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Գործի վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը:
Ընդգծվել է, որ վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:
Հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը:
Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:
«Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները և քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր: Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները»,-նշված է հայտատարության մեջ։
Դատախազությունից հավելել են, որ նախաքննությունն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվեց։
Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց․ պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին