ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նագախահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։
Միայն թե բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրել են հարգանքի տուրք մատուցել ԱԺ բակում տեղադրված հուշակոթողի մոտ, այլ ոչ թե «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ ամփոփված են զոհված բարձրաստիճան պաշտոնյաների աճյունները։
Ինչպես երևում է ՀՀ վարչապետի հրապարակված տեսանյութում, բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են խանարհել հուշակոթողի մոտ, խոնարհվել ու հեռացել։
Նշենք, որ այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանակիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և Գագիկ Մելքոնյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը և այլք։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվեց։