ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանում այսօր առավոտյան ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար:
Առաջինների թվում են քվեարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիի արևմտյան ընտրատեղամասում։
«Մենք պետք է հիշեցնենք ինքներս մեզ, որ այս ընտրությունները հավասարազոր են հանրաքվեի։ Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների, երկրի անցյալի և պայծառ ապագայի միջև։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն», - ասել է Կոբախիձեն։
Իր հերթին Զուրաբիշվիլին շնորհավորել է Վրաստանի ժողովրդին այդ օրվա կապակցությամբ՝ նրան երջանիկ անվանելով:
«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին, այն Վրաստանի, հանուն որի ես եկել եմ այս երկիր 22 տարի առաջ... Այսօր երեկոյան մենք հաղթող կլինենք, ոչ ոք պարտված չի լինի, քանի որ հաղթելու է Վրաստանը», – լրագրողներին ասել է նախագահը:
Խորհրդարանի խոսնակը նույնպես քվեարկել է խորհրդարանական ընտրություններում՝ նշելով, որ «Վրացական երազանքը» միակ ընտրությունն է, որն ունի Վրաստանը։
«Այսօր ընտրություն է կատարվում չարի և բարու, անաստվածության և հոգևորության միջև...», – վստահ է Պապուաշվիլին:
Վրաստանի ԿԸՀ մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին հայտնել է, որ քվեարկությունը հանգիստ է ընթանում:
«Մի քանի տեղամասերում տեխնիկական փոքր անսարքություններ են եղել, բայց մենք անմիջապես արձագանքել ենք։ Գործընթացն ընթանում է հանգիստ մթնոլորտում», - ասել է Իոսելիանին։
Խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: