ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում։ Քվեաթերթիկների լցոնման միջադեպից և քվեատուփի վնասումից բացի, եղել են նաև իրար ծեծելու դեպքեր:
Դրանցից մեկը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Իսանի շրջանի ընտրատեղամասում։
Բացի այդ, միջադեպ է գրանցվել նաև Մառնեուլում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով։ Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը պահանջել է քաղաքացիներին դուրս բերել տեղամասի տարածքից: Նրա խոսքով՝ այդ մարդիկ ուղղորդում էին ընտրողների գործողությունները։
Ծեծկռտուքի հետևանքով կան տուժածներ։ Դեպքի վայր է եկել շտապօգնության բրիգադը, մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց:
Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի շրջանի ընտրատեղամասում` ընտրողների և տեղի դիտորդների միջև։ Նրանք միմյանց վրա շշեր են նետել։
Մառնեուլի թիվ 69 տեղամասում, որտեղ լցոնումներ են եղել, Վրաստանի ԿԸՀ–ն քվեարկության արդյունքները չեղյալ է հայտարարել։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են համամասնական ընտրակարգով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76–ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջև, որը հանդես է գալիս ՌԴ–ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհներով: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: