ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Քվեաթերթիկների գրեթե 70%-ի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 52,94%-ը: Այսպիսին են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած առաջին պաշտոնական տվյալները։
Վրաստանի ընտրությունների արդյունքներով չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարում են 5%-ի շեմը և անցնում խորհրդարան. նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Փոփոխությունների կոալիցիան»՝ 11,2%, «Միասնություն՝ ազգային շարժում» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցություն)՝ 9,8%, «Ուժեղ Վրաստան» միավորում (4 քաղաքական ուժերի դաշինք)՝ 9% և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» (Վրաստանի նախկին վարչապետի կուսակցություն)՝ 8,2%:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Վրաստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:
Վրաստանի ընտրությունների վերջնական մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 քաղաքակական ուժ։
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և էլեկտրոնային տեխնոլոգիաների` հաստատման սարքերի և ձայների հաշվարկի լայնածավալ կիրառմամբ։