Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին. մեկ բուժաշխատող զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ բժշկական հաստատություններին, շտապօգնության մեքենաներին և փրկարարներին հարվածները դադարեցնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող փրկարարական կենտրոնին, մեկ բուժաշխատող զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնին։
«Թշնամու ավիացիան հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բազուրիա բնակավայրի փրկարարական կենտրոնին։ Մեկ բուժաշխատող վիրավորվել է, ևս հինգ մարդ, այդ թվում՝ երեք փրկարար, վիրավորվել են», – ասվում է հայտարարության մեջ։
Անցյալ տարվա հոկտեմբերին Լիբանանի դեմ իսրայելական ռազմական արշավի մեկնարկից ի վեր զոհվել է 164 բուժաշխատող, վիրավորվել 275 փրկարար։
Լիբանանի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու հարձակումները բժշկական հաստատությունների, շտապօգնության մեքենաների և փրկարարների վրա։
Լիբանանի հարավին իսրայելական հարվածից ԶԼՄ 3 աշխատակից է զոհվել. կադրեր դեպքի վայրից
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում), «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Վերջին տվյալներով՝ անցած տարվա հոկտեմբերից ի վեր Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2 530-ի: