ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող 25–ամյա Դիանա Լեփեջյանը Թուրքիայում նվաճել է «Տիեզերքի ֆոտոմոդել» գլխավոր մրցանակը։
«Իմ առաջին հաղթանակը. մասնակցեցի գեղեցկության միջազգային մրցույթի Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին գտնվող պատմական Կուշադասիում, և ստացա գլխավոր՝ «Տիեզերքի ֆոտոմոդել» տիտղոսը։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ երազանքները իրականություն են դառնում»,– «Ինստագրամի» իր էջում գրել է նա։
Դիանան նաև նշել է, որ ունենալով մասնագիտություն, որը թույլ է տալիս ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմում, ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը, ինչքան էլ փոքրիկ տեղ է զբաղեցնում երկրագնդի վրա, կա և շարունակելու է գնալ առաջ։
«Գեղեցկության ու նորաձևության միջազգային մրցույթն» անցկացվել է հոկտեմբերի 21–ին Զմյուռնիայից հարավ գտնվող պատմական Եփեսոս քաղաքում (ժամանակակից Թուրքիայի տարածք)։ Մրցույթին մասնակցել են 30 երկրների 45 մասնակիցներ:
Հավելենք, որ Դիանա Լեփեջյանն ավարտել է ԵՊՀ–ի ռոմանագերմանական ֆակուլտետը, հայրենից բացի տիրապետում է ևս 2 լեզվի՝ անգլերենին և ռուսերենին։