Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն ստացա, որ 2 ընկեր մտերմիկ զրուցում են․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: Նա այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար:

«Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով։ Իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի, ես նրա հետ եմ», կամ «որտեղ իշխանություն, այնտեղ ես կաց»»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։