Մոդին ՌԴ–ի և Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպումների արդյունքների մասին պատմել է Շոլցին

Նարենդրա Մոդի
Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ իր հանդիպումներից ստացած տպավորությունների մասին պատմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։
Շոլցը Մոդիի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի ընթացքում առաջնորդները ելույթ են ունեցել գերմանական բիզնեսի Ասիա-Խաղաղօվկիանոսյան 18-րդ համաժողովում և անցկացրել յոթերորդ միջկառավարական խորհրդակցությունները:
Շոլցը վաղը կմեկնի Գոա, որտեղ գերմանական «Բադեն-Վյուրթեմբեր» «Մայնի Ֆրանկֆուրտ» ռազմածովային նավերը կմտնեն նավահանգիստ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերմանական ներկայության ընդլայնման շրջանակում:
Միսրիի խոսքով` երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում և Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Մոդին Շոլցին պատմել է նաև հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսությունը պահպանելու համար Հնդկաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Նա ընդգծել է, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնության և շարունակում է մնալ խաղաղության, այլ ոչ թե չեզոքության կողմնակից:
Ինչ վերաբերում է Գազայում տիրող իրավիճակին, ապա Մոդին և Շոլցը մտահոգություն են հայտնել հակամարտության սրման կապակցությամբ: Նրանք հույս են հայտնել, որ դրանում «նոր կողմեր» չեն ներգրավվի և կարգավորման ճանապարհը կգտնվի երկխոսության ու դիվանագիտական ջանքերի միջոցով։
Հիշեցնենք, որ Մոդին այս տարի մի քանի կարևոր ուղևորություն է կատարել` հուլիսին նա այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ օգոստոսին բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: