Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա. բժիշկների հետ կապը կորել է

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ հիվանդանոցում 200 բուժառու և հարյուրավոր փախստականներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական բանակի հարձակումից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի աշխատակիցների հետ կապը կորցրել է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը X սոցիալական կայքում:
«Առավոտյան հաղորդագրություններից հետո մենք կորցրել ենք կապը տեղում գտնվող անձնակազմի հետ: Դա խոր մտահոգություն է առաջացնում` հաշվի առնելով այն հիվանդների թիվը, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում, և այն մարդկանց թիվը, որոնք ապաստան էին գտել այնտեղ»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։
Նա հավելել է, որ այդ հիվանդանոցում 200 հիվանդ և հարյուրավոր փախստականներ են եղել։
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և պաշտպանել հիվանդանոցները, բուժառուներին, բժիշկներին և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին»,-հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։