ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Իրանից առանց մաքսային վճարների և ԱԱՀ–ի ապրանքներ են ներմուծվել ՀՀ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 103 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` մեծածախ առևտրով զբաղվող մի ընկերություն, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից Հայաստան է ներմուծել ապրանքներ, որոնց համար ՀՀ պետական բյուջե չի վճարել 103 մլն 261 հազար դրամ մաքսային վճարներ, որից 40 մլն 761 հազար դրամը՝ մաքսատուրք, իսկ 62 մլն 500 հազար դրամը՝ ԱԱՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 դրամի չվճարված վճարների գումարը:
Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով: