Ինչո՞ւ ԱՄՆ–ում հայերը չեն աջակցում նախագահի որևէ թեկնածուի. Սարգսյանը` Արցախի խնդրի մասին

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Անհերքելի է մեկ իրողություն` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, իսկ Ջո Բայդենի/Քամալա Հարիսի օրոք` հայաթափվեց։ Այդ մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Այս ամենն ուղեկցվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի»,– գրել է նա:
Այդուհանդերձ, ըստ նրա, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են. դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում` էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:
ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է ՌԴ–ին զսպել հետխորհրդային երկրների միջոցով. Այվազյան
«Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջմղման համար»,– ավելացրել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ընտրություններից 2 շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի իր միկրոբլոգում գրել էր Արցախի մասին` անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված 120.000 հայերին և նշելով, որ Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ հայ քրիստոնյաներին սարսափելի կերպով հալածեցին և բռնի տեղահանեցին Արցախից:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։