ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում այսօր «զանգովի» արդարադատություն չկա։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կոնֆլիկտին։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ԱԺ դահլիճում հայտարարեց, որ իրեն դիմել են ՔՊ պատգամավորներից Հովիկ Աղազարյանի որդիների համար, որոնք կոռուպցիոն ինչ–որ սխեմայի հետ առնչություն ունեն։
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, վարչապետն էլ է անդրադարձել դրան կառավարության հարց ու պատասխանի ընթացքում։ Ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված ուսումնասիրությունը, քննությունը տեղի կունենան կուսակցության կանոնադրության համաձայն և վարչության տիրույթում»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ ոչ կուսակցականների հայտարարություններն էլ պետք է ուսումնասիրվեն համապատասխան կառույցների ընթացակարգերի համաձայն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։