ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, և Բաքուն բողոքի հայտագիր է ներկայացրել նրան։ Պատճառը հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևն է։
Բանաձևում եվրապատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան:
Նրանք նաև վերահաստատել են Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու պահանջը, կոչ են արել Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևան–Ադրբեջան կապի հարցը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ: Բաքվում նման գործողություններն անվանել են Ադրբեջանին սևացնելու արշավի շարունակություն, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, վնասում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: