Թրամփը գրառում է արել Արցախի մասին. քաղաքագետը կարծում է` թիմակիցներն են «ստիպել»

Թրամփը գրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կպաշտպանի հալածված քրիստոնյաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ընտրություններից 2 շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մասին։ Այս մասին հայտնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` նշելով, որ ամենայն հավանականությամբ` Թրամփն այս գրառումն արել է իր թիմակիցների ազդեցությամբ։
Թրամփն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված 120.000 հայերին ու նշել, որ Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ հայ քրիստոնյաներին սարսափելի կերպով հալածեցին և բռնի տեղահանեցին Արցախից:
«Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,– գրել է նա։
Սուրեն Սարգսյանը նկատել է, որ Թրամփի այժմյան թիմակիցները նախկինում խոսել են արցախյան հիմնախնդրի մասին։
«Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»,– գրել է նա։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի համար լավ չի լինի ԱՄՆ նախագահական ընտրությունների ցանկացած ելքի` ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Քամալա Հարիսի հաղթանակի պարագայում։